Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Երգը, այո՛, պիտի ծնվի, պիտի հոգի ունենա, պիտի հուզի»

«Երգը, այո՛, պիտի ծնվի,  պիտի հոգի ունենա, պիտի հուզի»
14.06.2013 | 12:04

Շուտով կթողարկվի երգչուհի, երգահան Սրբուհի Ստամբոլցյանի «Գարուն կգա» ձայնասկավառակը` համանուն երգի վերնագրով, որտեղ տեղ են գտել և՛ հին, և՛ նոր երգեր` սիրային, հոգևոր ու տարբեր հոգեվիճակներ նկարագրող:
Սրբուհի Ստամբոլցյանը հանդիսատեսին առավել ծանոթ է «Տիրամոր գովք» երգի առաջին կատարմամբ և երգչուհի Վարդուհի Վարդանյանի կատարած «Հայաստան աշխարհ» երգի խոսքերով:
1992-ին արժանացել է ազգային ֆիլհարմոնիկ գործակալության «Ա-Շոու» ծրագրի «Միսս Սոուլ» կոչմանը, որպես տարվա լավագույն երգչուհի, «Այո» մրցանակաբաշխության առաջին` «Տարվա լավագույն երգ» մրցանակին: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով` երաժշտարվեստի ասպարեզում ունեցած ավանդի համար: Հեղինակել է բազմաթիվ երգերի խոսքեր: Դասավանդել է Հայաստանի երգի պետական թատրոնում, Մոսկվայի տարբեր ուսումնական հաստատություններում (վոկալ ոճաբանություն):
Ներկայումս, ստեղծագործական աշխատանքին զուգընթաց, շարունակում է իր աշխատանքը երգի պետական թատրոնում և վոկալի դասեր է տալիս:
ՍՐԲՈՒՀԻ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆՆ այսօր «Իրատես de facto»-ի հյուրն է:

-Որքան ինձ հայտնի է, նվագում եք դաշնամուր, շվի, սրինգ, կիթառ: Իսկ երգեհոնը Ձեզ չի՞ գրավել:
-Հայրս ուզում էր, որ ես դասական երգչուհի դառնամ, քանի որ հազվագյուտ ձայն ունեմ` կոնտրալտո, տատիկիս, այսինքն` հորս մոր, ձայնը: Այդ իսկ պատճառով նման խնդիր երբեք դրված չի եղել:
-Նաև ոճաբան եք, Մոսկվայում աշխատել եք «Moulin Rouge» էլիտար ամսագրում: Օտար ափերը Ձեզ չե՞ն գրավում` մշտական բնակության առումով: Այնպիսի տպավորություն է, որ ով կարողանում է, հեռանում է երկրից:
-Օտար ափերում շատ եմ եղել, բայց այսօր արդեն չէի ցանկանա հեռանալ երկրից, տարիքի հետ շատ ավելի սուր եմ ընկալում «հայրենիք» հասկացությունը: Եթե, իհարկե, կարիքը չդրդի:
-Մայրաքաղաքի արտաքին ձևափոխումները հավանո՞ւմ եք:
-Կան բաներ, որ, այո, բայց մեծ առումով սա արդեն իմ Երևանը չէ, սա իմ մանկության Երևանը չէ:
-Իսկ ներքին ձևափոխումներին ինչպե՞ս եք արձագանքում` նստադուլից մինչև հացադուլ, նախընտրական շրջանից մինչև գազի գնի բարձրացում:
-Ես այս պետության լիարժեք քաղաքացին եմ, սա իմ հայրենիքն է, սա իմ քաղաքն է, իմ… և բնական է, որ այսպես մտածողը չի կարող անտարբեր լինել այս ամենի նկատմամբ:
-Ձեր հայրը` երգեհոնահար, ժողովրդական արտիստ Վահագն Ստամբոլցյանը, հարցազրույցներից մեկում ասել է, որ ինքն ընդդիմադիր լինելու բացառիկ ստաժ ունի: «6 տարեկան էի, երբ 37 թվին հայրիկիս անվերադարձ տարան սիբիրներ, և ես ժողովրդի թշնամու երեխա էի, այդ կնիքը կար ինձ վրա»,- ասել է նա: Դուք նո՞ւյնպես, այսպես ասած, ընդդիմադիր եք, եթե այո, ինչո՞վ է պայմանավորված այդ ճակատում Ձեր լինելը:
-Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց ակնհայտ անարդարությունների մասին լռելն ինձ համար անբարոյականություն է: Ես երբեք ողորմելի ու վախկոտ չեմ եղել, և չեմ հարգի ինքս ինձ, եթե չփորձեմ իմ, թեկուզ չնչին, լուման ներդնել երազածս հայրենիքի իրականացման ճանապարհին:
-Եվ ինչպե՞ս եք մասնակցում երազ-հայրենիքի իրականացման գործընթացին, Ձեր երգով կամ որևէ այլ կերպ, օրինակ, սատարե՞լ եք այս կամ այն քաղաքացիական նախաձեռնությանը:
-Երգով` նույնպես: Քաղաքական թեմաներով 2 երգ ունեմ, որոնք կընդգրկվեն ձայներիզում: Միտինգներին էլ մասնակցում եմ: Հարցազրույցներում էլ եմ անդրադառնում, կարծիքս հայտնում, հեռուստաեթերներում` նույնպես, չնայած մեծ մասամբ մոնտաժվում է:
-Որպես օրինակ, Սերժ Թանգյանի ու մեր հանրապետության նախագահի նամակագրությանը հետևողներից ոմանք հիշեցնում էին, որ «մուզիկանտը չպետք է զբաղվի քաղաքականությամբ»:
-Ի՞նչ է նշանակում «մուզիկանտը չպետք է զբաղվի քաղաքականությամբ». «մուզիկանտը» մարդ չէ՞, երկրի քաղաքացի չէ՞: Իրեն հարգող ամեն մարդ, եթե չասենք, որ պետք է զբաղվի քաղաքականությամբ, գոնե դժգոհության իր ձայնը պետք է բարձրացնի, առավել ևս` արվեստի, մշակույթի մարդը:
-Արձակագիր Լևոն Խեչոյանը հրաժարվեց նախագահի մեդալից, երկրի վիճակի, նաև ազատամարտիկների համար: Մեր հասարակության ամենաանտեսված խավի մասին է խոսքը: Եվ սա նոր երևույթ չէ: Որտե՞ղ էր բացը, ըստ Ձեզ, ինչո՞ւ հերոսամարտից տուն դարձածներն այսպես դուրս մղվեցին կյանքից:
-Կարծում եմ` բոլորիս մեղքն է: Սրան հասցրեց մեր անտարբերությունը, վախկոտ ու ծախու լինելը:
-«Այո» մրցանակաբաշխությունը վատ տարիների լավ հուշերից է: Այսօր այնքան շատ են նման նախագծերը, որ արդեն ձանձրալի են ու չտրամաբանված: Ավելին, անվերջ քեֆ անողներին երբեմն հիշեցնում են, որ երկիրը ժամանակավոր զինադադարի շրջանում է: Ինչպե՞ս պետք է սահմանազատենք «հացն ու զվարճանքը» և ապրեցնող, արժեքավոր երգարվեստը:
-Վերջին տասնամյակներում այնքան խեղեցին մեր ճաշակը, որ հիմա առանց պետական ծրագրերի դժվար թե ինչ-որ բան փոխվի: Ցավոք, չեմ տեսնում պետական այրերի շահագրգռվածությունը, անգամ ավելին. երբեմն թվում է, որ սա հենց ծրագրված հակազգային քաղաքականություն է:
-Ամեն օր երգեր են ծնվում ու մեռնում, ո՞ր դեպքում է երգը հավերժ ապրում:
-Այսօրվա երգերը չեն ծնվում, այլ գրվում են, երգը պիտի, այո՛, ծնվի, պիտի հոգի ունենա, պիտի հուզի…
-Ժամանակակից երգահաններից ո՞ւմ եք հավանում:
-Քիչ չեն, բայց, ցավոք, եթերում են քիչ: Առանձնացնել որևէ մեկին չէի ցանկանա` պարզ պատճառով:
-Իսկ ո՞ւմ եք լսում մերոնցից:
-Արթուր Գրիգորյանի երգերը, Մարինա Ալեսի երգերը, Լիլիթ Պիպոյանին ու Ֆորշին: Բավականին լավ ջազային և ռոք խմբեր ունենք:
-Մեր հեռուստաեթերը մեկ բառով կբնորոշե՞ք:
-Ձեռառնոցի:
-Մի փոքր էլ Ձեր ստեղծագործական ծրագրերի մասին:
-Առջևում ձայնասկավառակս է, ծրագրեր կան ևս մեկ մենահամերգի, այլ խմբերի հետ համագործակցության: Աստվածն առաջ…

Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 2424

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ